«Զանգակ»–ի գործունեության մեջ հիմնային դեր ունեն կրթական և սոցիալական նախաձեռնությունները, որոնց միջոցով մենք փորձում ենք հնարավորինս հասանելի լինել ընթերցողին: «Զանգակ»–ը նաև համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, որոնք կիսում են մեր տեսլականը և դրական սոցիալական փոփոխությունների են տանում գրքի և ընթերցանության ուժով: Այստեղ կարող եք ծանոթանալ վերջին շրջանի մեր համագործակցություններից մի քանիսին։
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2014 թ. սկսած՝ «Զանգակ» հրատարակչությունը կազմակերպում է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը, որը երեխաների ամառային ամիսները հագեցնում է բազմաբնույթ գրական, թատերական միջոցառումներով, նոր ծանոթություններով և, իհարկե, ռեկորդային թվով գրքերի ընթերցանությամբ: Ծրագիրն ունի մրցութային մաս, և դրա ավարտին լավագույն ընթերցողների դպրոցներ են գնում գրքերով լի տնակներ:
2022 թ. «Զանգակ» գրատան նախաձեռնությամբ և «Զանգակ» հրատարակչության գործակցությամբ հիմնվեց Մանկական գրքի ամենամյա փառատոնը՝ հագեցած բազմաթիվ միջոցառումներով և գրքի ցուցահանդես–վաճառքով։ Փառատոնին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր հրատարակչությունները:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Զանգակ» հրատարակչությունը «10:30 ակումբ»–ի գլխավոր գործընկերներից մեկն է։ Ակումբը բազմաբնույթ հանդիպումների միջոցով միմյանց գիտելիք փոխանցելու հարթակ է, որը զբաղվում է բարեգործությամբ:
Մենք նաև Koreez համադպրոցական ինտելեկտուալ առցանց մրցույթի հովանավորների շարքում ենք: Այս մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական և մասնավոր բոլոր դպրոցների 5–12–րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև պետական քոլեջների ուսանողները։
2022 թ. «Այբ» կրթական հիմնադրամը մեկնարկեց Հիբրիդային կրթության ծրագիրը, և մենք հպարտ ենք այս ծրագրի շրջանակում հիմնադրամի հետ համագործակցությամբ: «Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վրա։ Ծրագիրը նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների (ինչպես նաև քոլեջների և ուսումնարանների) 10–րդ դասարանցիների համար։
«Զանգակ» համալիրի տնօրենների և աշխատակիցների նախաձեռնությամբ 2022 թ. Սյունիքի մարզի «Տաթև» համայնքի դպրոցում կահավորվեցին մի շարք դասարաններ, և դպրոցի գրադարանը համալրվեց «Զանգակ» հրատարակչության գրքերով։
Հաջողված էր նաև մեր աշխատանքը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում հիմնված Կարդացող մարդ/Homo Legens գրադարանի և դրա զարգացման շուրջ աշխատող երիտասարդների հետ (2021 թ.):